ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հունվարի 6-ին Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

Հունվարի 6-ին Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը
06.01.2013 | 17:27

Հունվարի 6-ին Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, որի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական պատգամ է ուղղել ժողովրդին.

«Ահա կոյսն յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ, որ թարգմանի` ընդ մեզ Աստուած»:
(Մատթ. Ա 23, Եսայի Է 14)

Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Հոգու անհուն ուրախությամբ այսօր օրհնաբանում և փառաբանում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը` միմյանց փոխանցելով ողջույնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:
Ի լրումն ժամանակի իրականացավ Եսայի մարգարեի խոսքը, թե «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ Նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:
Երկնքի անհասանելի բարձունքներից մարդասեր Տերը խոնարհվեց և որպես մանուկ ծնվելով քարայրում` աղքատացրեց Իրեն, որպեսզի մեզ հարստացնի հոգևոր բարիքներով: Պողոս առաքյալն ասում է. «Գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, Նա, որ հարուստ էր, որպէսզի դուք Նրա աղքատութեամբ հարստանաք» (Բ Կորնթ. Ը 9): Աստված մարդացավ, որպեսզի Աստծո պատկերով ստեղծված մարդը ճանաչի իր Արարչին, Նրա կամքը, հարստանա հավատքով, Աստծո խոսքով, հարստանա աստվածահաճո կյանքի փափագով ու փութաջանությամբ և փրկության արժանացած` ժառանգի հավիտենական կյանքը: Արդարև, ոչինչ չի կարող համեմատվել այդ հարստության` Աստծո արքայության մեջ հավիտենական կյանք ունենալու շնորհի հետ, որ բերեց մեզ Փրկիչ մեր Տերը` Հիսուս Քրիստոս`«մարդու Որդին, որ երկնքից էր» (Յովհ. Գ 13):
Փառքի ու զորությունների անմերձենալի Տերը մանկացել, աշխարհ է եկել, և յուրաքանչյուրը կարող է համարձակաբար մոտենալ ու երկրպագել Նրան հովիվների ու մոգերի օրինակով, ովքեր ճանաչեցին Նրան և իրենց ընծաները բերեցին քարայրում մսուրի մեջ դրված Փրկիչ մանկանը: Այսօր, սիրելի հավատավոր ժողովուրդ, մենք ենք երկրպագում մանուկ Հիսուսի սնարի առջև, բայց ի՞նչ ընծաներ ունենք, որ մատուցենք մեր նորածին Փրկչին: Նյութական հարուստ պարգևներ չէ, որ սպասում է Տերը: Պատվական պարգևը Փրկչի համար քրիստոնյան ինքն է, ով մաքուր սրտով ընդունել է «Աստված մեզ հետ է» մարգարեաբարբառ ավետիսը և ջանում է կյանքի ամեն մի օրը ապրել աստվածային կամքի համաձայն, լի առ Աստված հավատքով, այլոց հանդեպ սիրով, Փրկչի հետ հոգևոր նորոգությամբ:
Փրկչի շնորհներով վերածնված մարդը վերափոխում է կյանքը` այն առաջնորդելով միշտ դեպի բարին, ավելի լավն ու կատարյալը: Տիրոջ ներկայության և Նրա ողորմության անստվեր շողերի առջև, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Նարեկացին, հալչում են մեղքերը, ողջանում են վերքերը, վերանում են ապականությունները, նահանջում են տխրություններն ու հեծությունները, փախչում է խավարը, և տիրում է ամենախնամ թագավորությունը Բարերար Աստծո (Մատեան ողբերգ. Բան ԽԱ): Այսօր և մինչև ժամանակների վախճանը, Իր խոստման համաձայն, մարդացյալ Աստված մեզ հետ է (Մատթ. ԻԸ 20). մեզ հետ է փրկության Իր շնորհով, Իր սքանչելագործ մարդասիրությամբ: Բայց արդյոք մենք Աստծո հե՞տ ենք և արդյոք աշխարհն ընթանո՞ւմ է այն ճանապարհով, որ ուղենշեց Քրիստոս:

Մարդկության, նաև մեր կյանքը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, լի է տարաբնույթ մարտահրավերներով, տագնապներով ու հոգսերով` ընկերային, տնտեսական հիմնահարցեր, ազգամիջյան և միջկրոնական խնդիրներ ու հակամարտություններ, կարիք, անձնական շահի մոլուցք, զրկվածների անտեսում, արդարության, մարդասիրության պակաս և այլ արատներ, որոնք հետևանք են Աստծուց հեռանալու ընթացքների: Մարդը աշխարհի իրականության առջև հաճախ կարծում է, որ կյանքի բարելավումը, հասարակության բարօրությունը հասանելի է հատկապես նյութականի առատությամբ: Մինչդեռ, եթե մարդկանց հոգում չկա Աստված, նյութականը միայն բաժանում է մարդկանց, ցամաքեցնում կյանքի ուրախությունն ու երջանկությունը:
Ունևորն ապրում է անհանգստության մեջ, չունևորը` նեղսրտության, ընդհանուր հասարակությունը` օտարացման: Հանուն նյութականի են մարդիկ հնարներ փնտրում կողոպտելու, զրկելու, նվաստացնելու: Հանուն նյութականի են օրենքներ խախտում, պաշտոն չարաշահում, իրավունք ոտնահարում, միմյանց կործանում: Հանուն նյութականի, ավաղ, երբեմն նաև` Աստծո անունով` ընդդեմ Աստծո: Այն ինչ ծնունդ է առնում հանուն Աստծո, բարիք է մարդկանց համար, մխիթարություն ու խնդություն: Աստծո հետ մարդու համար գործում են կյանքի այլ չափանիշներ, գոյության իմաստի այլ սկզբունքներ ու արժեքներ` «սէր` առանց կեղծիքի. ատելով չարը` ընթանալ բարու յետեւից. եղբայրասիրութեան մէջ` միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ` միմեանց գերազանցել» (Հռոմ. ԺԲ 9-10): Աստծո հետ պաշտոնը ծառայություն է, մարդկային ունակություններն ու կարողությունները` աղբյուր բարիքի, երկրի շենացման, կյանքի բարօրության:
Սուրբ Ծննդյան խորհրդով, սիրելիներ, հանապազ շնորհն ունենք Քրիստոսի հետ բարձրանալու պայծառակերպության լեռը, Տիրոջ ներկայությամբ ապրելու աստվածահաճո հոգեշեն միջավայրում և մեր ընթացքը հաստատուն պահելու Աստծո շավիղներում բարոյական, ճշմարիտ արժեքների վրա:
Սուրբ Գիրքը մեզ խրատում է, որ Աստծո հետ ընթանալը փրկում է փորձություններից, բազմացնում բարիքները և հաղթանակներ շնորհում երկնային զորությամբ: Մեր պատմությունն իսկ վկայում է, որ Փրկչին հավատարմությամբ է մեր ժողովուրդը կերտել իր ստեղծագործ կյանքի հաղթանակները և մշակույթի վերելքները: Մեր Տիրոջ հետ ենք դիմակայել փորձություններին, վեր հառնել ավերներից, վերապրել ցեղասպանություն: Մեր Տիրոջ զորությամբ սփյուռքում վերընձյուղվել ենք ու պահպանել մեր ինքնությունը, աշխարհասփյուռ միասնականությամբ վերահաստատել մեր ազատ պետականությունը, մշտապես վառ պահել տեսիլքը մեր ավետյաց երկրի, այլև` հավատը, որ Տերը համախմբելու է մեզ մեր հայրենիքում: Այսօր «Աստված մեզ հետ է» ավետիսով հուսավառ ու քաջալեր` խոնարհվենք մարդացյալ Փրկչի սնարի առջև` ջերմանալու Նրա սիրով, ընդունելու Նրա շնորհներն ու օրհնությունները, որպեսզի ի հայրենիս և ի սփյուռս բարեփոխենք ու զորացնենք մեր կյանքը, իրագործենք մեր ազգային նպատակները, կերտենք մեր ժողովրդի բարօր ու երջանիկ, լուսավոր գալիքը և հավետ մնանք Աստծո հավատարիմ ժողովուրդ:
Այս հայցն ու մաղթանքը մեր շուրթերին` Սուրբ Ծննդյան ավետիսով և եղբայրական սիրով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին, Երուսաղեմի Հայոց պատրիարքական տեղապահ գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին, Քույր եկեղեցիների հոգևոր պետերին և մեր եկեղեցու ողջ հոգևոր դասին և հայցում Տիրոջ բյուր շնորհներն ու զորակցությունը քրիստոսապատվեր առաքելության մեջ:
Տիրոջ Ծննդյան տոնի բարեմաղթանքներով ողջունում ենք Սրբազան պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին, մեր ողջույնն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ողջ ավագանուն` հայցելով ազգաշեն ու հայրենաշեն գործոց հաջողություններ Տիրոջ երկնառաք օրհնության ներքո: Ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով, որ նրանց արգասալի ջանքերով ու մշտանորոգ ձեռքբերումներով միշտ բարեզարդվեն մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը:
Հայրապետական մեր սերն ու օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս: Աղոթք ենք բարձրացնում, որ մարդացյալ Փրկչի սիրո, խաղաղության և համերաշխության շնորհները հանապազ ճառագեն աշխարհում, ի մասնավորի հակամարտության մեջ գտնվող երկրներում, հատկապես պատերազմական իրավիճակում հայտնված Սիրիայում և այնտեղ դժվարություններ ու նեղություններ դիմագրավող մեր եղբայրների ու քույրերի կյանքում: Թող մարդկանց հոգիներում մշտապես արձագանք գտնի Սուրբ Ծննդյան «յերկիր խաղաղութին և ի մարդիկ հաճութիւն» պատգամը և ամրապնդվի Աստծո հետ ընթանալու կամքը: Թող Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը, պայծառ ու անսասան` Առաքելական մեր Սուրբ եկեղեցին և օրհնի աշխարհասփյուռ ազգս հայոց այժմ և միշտ և հավիտյան. ամեն:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ ձեզ և մեզ մեծ ավետիս»:

Սբ. պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարեց ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ակադեմիկոս Սեն Արևշատյանը:

Դիտվել է՝ 4823

Մեկնաբանություններ